Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
Խաղաղությո՜ւն ձեզ
Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։
Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։
Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։
Սակայն ինչո՞ւ միայն քրիստոնյաները։
Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։
Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլև հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։
Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա շխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։
Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։
Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝
-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…
Առաջադրանքներ
Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։
Ամենածիծաղելին այն էր, երբ նրանք լեզու էին հանում միմիանց ողջունելու փոխարեն:
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։
Խաղաղության ժամանակ չկան պատերազմներ։
Գրիր ինչ-որ, սովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։
Ինչ-որ – անորոշ դերանուն
Սովորական – ածական, որակական
Խաղաղություն – գոյական, եզակի, ա ներքին հոլովում, ուղղական հոլով
Եկեղեցին – գոյական, եզակի, ու արտաքին հոլովում, ուղղական հոլով
Իրար – փոխադարձ դերանուն
Միջնադարյան – ածական, հարաբերական
Ձեռքսեղմումը – գոյական, եզակի, ա ներքին հոլովում, ուղղական հոլով
Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։
Քաղված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր, ե խոնարհում
Մաղթել – անորոշ դերբայ, ուղղական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Ասելով – անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Տալու – անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական, ա խոնարհում
Ողջունել – անորոշ դերբայ, ուղղական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Իմացած – հարակատար դերբայ, պարզ, ներգործական, ա խոնարհում
Հանելով – անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Քսելով – անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Բարևելիս – համակատար դերբայ
Գալով – անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ, չեզոք, ա խոնարհում
Մղելու – անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական, ե խոնարհում
Շարահյուսական վերլուծության ենթարկիր հետևյալ նախադասությունը.
Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի, այսինքն՝ «վաճառեցի»։
Վաճառականները – ենթակա
Ձեռք են սեմղել – ստորոգյալ
Ասել են – ստորոգյալ
Միջնադարյան Եվրոպայի – որոշիչ
Գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով – բացահայտիչ
Այսինքն՝ վաճառեցի – բացահայտիչ