1918-ի մայիսի 21-27-ին տեղի են ունեցել հայ-թուրքական վճռական մարտեր, իսկ մայիսի 28-ին եղել է հիմնական ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։
Թուրքական զորքերի ներխուժումը հարավային կովկաս
1917-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։
Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը։ Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/։