Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը:Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին:
Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք:Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: